Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող մասը
Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի։ Ժողովուրդն է ապրում է առօրյայով, ցեղը՝ հավիտենականով, նա՝ օրվա մտածոմներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով միաժամանա՛կ։
Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, ցեղը՝ համահայկական շահերով։ Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ, այլ կա՛ն միայն հայեր։
Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, ցեղը՝ դրան նվաճող և հաստատող։ Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, իսկ ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները, նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները։ Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, իսկ ցեղը բնազդորեն գտնում է ելքը։ Նա ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, իսկ ցեղը՝ նախազգում է այն։
Ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը՝ միայն իր հանճարներին։ «Ժողովուրդը դպիրներ է ծնում, իսկ ցեղը՝ մարգարեներ»:
Ժողովուրդը արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում կամ երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում։ Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը։
Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, իսկ ցեղը համակ է հպարտանքի զգացումով և լի՝ վճռականությամբ։ «Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը»:
Եվ որքան հայության մեջ բարձր է ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես ազգ։ Իսկ ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան դարձի բերելով, դեպի ցեղը կողմնորոշելով։ Եվ այդպիսով ցեղակրոնության գերխնդիրը հայ ժողովուրդ ցեղայնացնելն է: