2019-ի մարտի 30-ին «Ամերիկայի ձայնը» հրապարակել էր ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարության տեսագրությունը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով։
«Ես որպես պաշտպանության նախարար՝ ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» ձևաչափով»,- հայտարարել էր Տոնոյանը և պնդել, թե ոչինչ չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ, իսկ հայկական բանակն ավելացնելու է գրոհային ստորաբաժանումները։
«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- եզրափակել էր նա:
Ընդ որում, այս տեսանյութն արտահոսք էր, այսինքն, այդ հանդիպմանն արված հայտարարությունները ենթակա չէին հրապարակման:
Ինչևէ, սա ասվել է Ալիև-Փաշինյան հանդիպման ֆոնին:
2019, մարտի 29-ին Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոցում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ավելի քան 3 ժամանոց պաշտոնական հանդիպումը:
Վիեննայում Հայաստանի դեսպանությունում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը մանրամասներ էր հայտնել՝ դրական գնահատելով Ալիևի հետ հանդիպումը:
«Մինչև հիմա ընդունված է եղել այդ տրամաբանությամբ մոտենալ խոսակցություններին, գալ այն եզրակացության, թե՝ լավ, հանդիպեցին, ո՞վ հաղթեց, ո՞վ պարտվեց: Այս խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել` ես հաղթեցի, դիմացինը պարտվեց: Այդպես եղել է Դուշանբեի, Սանկտ Պետերբուրգի, Դավոսի քննարկումների ընթացքում:
Սկսվել է խոսակցություն, և կողմերից յուրաքանչյուրն իր պատկերացումներն է ներկայացնում. հակամարտությունն ունի խորն արմատներ, և ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ խորը, լուրջ խնդիր է, և կարևոր եմ համարում, որ լինի մթնոլորտ, որտեղ կարողանանք բարձրաձայնել, թե ինչ ենք մտածում, կարողանանք խոսել, հասկանալ, կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չի լինի իրար վնասելու կանխավարկածը…»,- հայտարարել էր Փաշինյանը:
Ավելի ուշ, սակայն, լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախկին նախարարի վերը նշված հայտարարությանն արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը, որը դեմ է տարածքային նվաճումներին և պատերազմի առաջինը օրը պարտությանը համակերպվելուց էր խոսում, արձագանքել էր.
«Դավիթ Տոնոյանն ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը լինելու է հաղթել այդ պատերազմում: Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի: Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման կարևորությունը»:
Հարցին՝ այդ հայտարարությունը համաձայնեցվա՞ծ է եղել Ձեր հետ, Փաշինյանն արձագանքել էր․ «Պաշտպանության նախարարը գործում է վարչապետի ղեկավարման և ենթակայության ներքո»:
Իսկ Դավիթ Տոնոյանը տարածքների վերաբերյալ վերը նշված միտքն արտահայտել է դեռևս 2016-ի Ապրիլյան պատերազմից առաջ՝ 2015-ին:
Այն ժամանակ հասարակությունը և լրագրողական, փորձագիտական շրջանակները սա համարեցին բավականին համարձակ հայտարարություն, ինչպիսին ղեկավարությունից դեռ չէին լսել:
«Իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ»,- tert.am-ի հետ զրույցում ասել էր Տոնոյանը:
Այսինքն, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը միշտ է այս գաղափարին եղել, այլ հարց է, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ոչ միայն կորցրեցինք այդ բավարար չհամարվող անվտանգության գոտին, այլև խորացրեցինք և՛ Արցախի, և՛ ՀՀ տարածքների անվտանգության ապահովման խնդիրը: