🔴 Իշխանությունը պատրաստվում է մայիսի 28-ի շքերթին, որտեղ ցույց են տալու, թե ինչ նոր սպառազինություն է գնել Հայաստանը:
Ընդ որում, ներկայացվում է այդ ամենը այնպես, կարծես Հայաստանը միայն այս իշխանության ժամանակ է ունեցել սպառազինություն, իսկ այլ ժամանակ՝ ոչ: Ավելին, այս օրերին ծավալվում է մի անհեթեթ ու անամոթ մանիպուլյացիա, թե իբր՝ 1998-ին, երբ նախագահ է դարձել Ռոբերտ Քոչարյանը, Ադրբեջանի ու Հայաստանի ռազմական բյուջեները եղել են հավասար, իսկ ահա 2008-ին՝ երբ Քոչարյանը հեռացել է, Ադրբեջանի բյուջեն եղել է անգամներով ավելի:
Նենգն այստեղ այն է, որ 1998-ին Ադրբեջանը դեռեւս չէր վաստակում նավթադոլարներ ու գազադոլարներ: Սկսել է դրանից հետո: Եվ բնական է, որ նավթն ու գազը Բաքվին տալու էին մեծ ֆինանսական առավելություն: Բայց, 2006 թվականին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Հայաստանը ոչ մի կոպեկ պակաս չի ծախսում պաշտպանության համար, քան Ադրբեջանը:
Իհարկե սա գուցե բացարձակ չէր, բայց Հայաստանը միանգամայն հասկանալիորեն շեշտը դնում էր ոչ թե Ադրբեջանի նավթի ու գազի հետեւից հասնելուն, այլ Բաքվի այդ առավելությունը այլ պարամետրերով «փոխհատուցելուն» եւ Հայաստանի անվտանգության համաիարգում այլ շերտեր ձեւավորելուն, որոնց մի զգալի մասը կարող էր չլինել ռազմական, բայց լիներ միանգամայն գործունակ ու կենսունակ:
Հետեւաբար պարզ է, որ ով էլ լիներ Հայաստանի նախագահ 1998-2008-ին, Հայաստանի ու Ադրբեջանի ռազմմական բյուջեները չէին կարող լինել համեմատելի, որովհետեւ Բաքուն ուներ նավթ ու գազ, նաեւ չուներ տնտեսության կիսաշրջափակում:
Բայց, անգամ ահա այդ անհամեմատելի պայմաններում, Հայաստանը ապահովում էր բալանս, Հայաստանն ապահովում էր կենսունակ ասիմետրիկ կոնստրուկցիալ ու փաստը այն է, որ այդ տասը տարիներին Ադբեջանը զուսպ էր թե ռազմական, թե քաղաքական առումով:
Այս ֆոնին, մայիսի 28-ի ռազմական շքերթը լինելու է ցուցադրություն, որի հասցեատերը սակայն ոչ թե լինելու է հակառակորդը, այլ՝ սեփական հանրությունը: Այդ իմաստով, մայիսի 28-ին երեւի թե լինելու է միջազգային առումով բացառիկ շքերթ, որովհետեւ ռազմական ուժ է ցուցադրվելու հակառակորդի «թույլտվությամբ»՝ եւ ցուցադրվելու է սեփական հանրությանը: Իսկ, որ դա արվում է Ադրբեջանի հավանությունը ստանալով, վկայում է այն, որ թե վարչապետը, թե արտաքին գործերի նախարարը, հույս են հայտնում, որ Բաքուն ճիշտ կհասկանա երեւանյան շքերթը: